Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ինչո՞ւ չեն արձագանքում ԱԺ մյուս պատգամավորները

Ինչո՞ւ չեն արձագանքում ԱԺ մյուս պատգամավորները
27.09.2013 | 16:28

Սեպտեմբերի 25-ին Մեղրի-Երևան ճանապարհին ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպից հետո երեկ ՌԴ ԱԴԾ-ի ՀՀ-ում գործող վարչությունն էր տարածել տեղեկատվություն: Ռուս սահմանապահները մեղադրել էին ԱԺ պատգամավորին և նրան ուղեկցող անձանց՝ նշելով, որ փաստաթղթերի ստուգման ընթացքում Զարուհի Փոստանջյանը կոպիտ ձևով է պահանջել բացատրություններ, նրանք իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապարակայնորեն տեսանկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Հաղորդագրություն տարածողները նշել են նաև, որ իրենք տեսանկարահանող սարքը չեն ջարդել:

Այսօր արդեն «Ժառանգություն» կուսակցությունը ԶԼՄ-ներում ռուս սահմանապահների տարածած հայտարարությունը գնահատում է որպես զրպարտություն և ապատեղեկատվություն, վիրավորանք և կանխամտածված սուտ:
«ՌԴ ԱԴԾ աշխատակիցները փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը՝ փաստացի տեղադրելով անցագրային կետ, ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացրել ինքնաձիգերով զինված վերահսկողություն, ՀՀ քաղաքացիներից պահանջել իրենց ուղևորության նպատակի վերաբերյալ ներկայացնել տեղեկություններ, կարգադրություններ արձակել, ընդ որում՝ այդ ամենն արել են ՀՀ պետական լեզու չհանդիսացող օտար լեզվով, առանց բացատրությունների խուզարկել մեքենաները, ստուգել անձանց ինքնությունն ու փաստաթղթերը»,- նշված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ:
«Ժառանգությունը» հայտարարել է նաև, որ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան հետամուտ է լինելու և պահանջելու է, որ պատժվեն ապօրինի գործողություններ իրականացրած անձինք:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե բացի Նիկոլ Փաշինյանից և Էդմոն Մարուքյանից, կա՞ն ԱԺ այլ պատգամավորներ ևս, որոնք արձագանքել են միջադեպին և պատրաստ են աջակցելու «Ժառանգությանը»:
«Ես էլ ձեզ նման միայն ԶԼՄ-ներից եմ տեղեկանում, թե ով ինչ է հայտարարել: Դա ոչ միայն Զարուհի Փոստանջյանի խնդիրն է, այլև ՀՀ-ի ինքնիշխանության խնդրին է վերաբերում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ